AM
17 June 2005 - 06:06 AMT

2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՄՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 67,6 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովը կայացրել է 2006 թվականին Հայաստանին 67,6 մլն եւ Լեռնային Ղարաբաղին 5 մլն դոլարի չափով ֆինանսական օգնություն հատկացնելու մասին որոշում, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը: Հայաստանին եւ Ղարաբաղին հատկացվելիք գումարների չափը, նախկին ֆինանսական տարվա համեմատությամբ, չի փոփոխվել` չնայած նախկին խորհրդային հանրապետությունների համար նախատեսված բյուջեի կրճատումներին: Եթե 2005 թվականին նախկին խորհրդային հանրապետություններին հատկացվել է 550 միլիոն դոլարի օգնություն, ապա 2006-ի համար նախատեսված է 470 միլիոն: Բացի այդ, 2006 թվականին կշարունակվի պահպանվել ռազմական բնագավառում Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք օգնության հավասարակշռությունը` 5 մլն 750 հազար դոլար: Ենթահանձնաժողովի կայացրած որոշումը պիտի հաստատվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, ապա Սենատում, իսկ հետո հարցը ներկայացվելու է Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի համատեղ քննարկմանը: