Կայացել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից կոլեգիայի առաջին նիստը, որի անդամների քննարկմանն էր ներկայացված ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ինչպես նաև հաշմանդամային սպորտի զարգացման 2013-2017 թթ. ծրագրերը:
Նիստը նախագահում էր սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Երկու ծրագրերն էլ ներկաներին ներկայացրել է նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության վարչության պետ Եղիշ Դավթյանը: Նա տեղեկացրել է, որ ծրագրերի ստեղծմանը մասնակցել են նախարարության գրեթե բոլոր բաժինները և ստեղծված հատուկ հանձնաժողովները, ինչպես նաև ակտիվորեն համագործակցել են բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Ծրագրի ստեղծման ընթանքում հաշվի են առնվել գործընկեր գերատեսչություններից ստացված գրեթե բոլոր առաջարկությունները:
Բուռն քննարկումներից հետո որոշվել է, երկու ծրագրերը ՀՀ կառավարություն ներկայացնել մեկ ծրագրի տեսքով, որտեղ ավելի մանրամասն նախանշված կլինեն վերհանված խնդիրների լուծման օրենսդրական ուղիները և աշխատանքների իրականացման հստակ ժամանակացույցը:






