ԱՄՆ Պետդեպարտամենտի` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի մասին հինգերորդ ամենամյա զեկույցում Հայաստանը գրավել է թրաֆիքինգի դեմ պայքարի երկրոդ խմբի երկրների հատուկ վերահսկման ցուցակում, քանզի չի կարողացել ներկայացնել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված ջանքերի արդյունավետության բավականին ապացույցներ: Այս մասին Երեւանում ԱՄՆ դեսպանությունում կազմակերպված ինտերակտիվ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ավագ խորհրդական Ջոն Միլլերը: Նրա խոսքերով` 2004 թվականին Հայաստանը ընդունել է թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային գործողությունների ծրագիր, սակայն չկան բավականին ապացույցներ, որ այդ ծրագիրը իրականացվում է: Մասնավորապես, չկան ապացույցներ, որ թրաֆիքինգի մասին օրենքը կիրառվել է մեղավորների նկատմամբ, ավելին` մեղադրյալների նկատմամբ կայացված դատավճիռները կամ պայմանական են եղել, կամ էլ բավականին մեղմ են կատարվածի համար: Ինչպես նշվել է զեկույցում, 16 դեպքերից միայն մեկ մեղադրյալ է դատապարտվել 132-րդ հոդվածի համապատասխան (հակաթրաֆիքինգ), մնացած 15-ը դատապարտվել են կավատության համար, որը ավելի մեղմ պատիժ է ենթադրում: Ինչպես նշել է Ջ.Միլլերը, կան նաեւ տվյալներ, որ ՀՀ դատախազության ներկայացուցիչները եւ սահմանապահները նույնպես ընդգրկված են հանցախմբում եւ մարդկանց թրաֆիքինգի օղակներից են: «Մենք հույս ունենք, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կջանա, որպեսզի ապացուցի հակառակը»,- հայտարարել է նա: Ինչպես նշել է Հայաստանի վերաբերյալ զեկույցի պատասխանատու Ջենիֆեր Սթրոնգ Թամլին, առայժմ չկան կոնկրետ ապացույցներ, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները նույնպես խառն են դրան, սակայն այդ տեղեկությունները լրջորեն մտահոգում են: «Եվ երբ կան նման տեղեկություններ, անհրաժեշտ է ձեռնարկել ինչ որ գործողություններ»,- հայտարարել է նա, որին Ջ.Միլլերն ավելացրել է. «Ես կզարմանայի, եթե ներկա գտնվողներից որեւէ մեկը չիմանար այդ մասին»: Ինչպես նշել է Ջ.Միլլերը, 2006 թվականի փետրվարին կհրապարակվի եւս մեկ` ընթացիկ զեկույց, որը կարտացոլի այդ երեւույթի դեմ պայքարին ուղղված երկրի գործողությունները: Նա նաեւ հույս է հայտնել, որ հաջորդ տարվա հունիսին, երբ պատրստ կլինի վերջնական զեկույցը, Հայաստանը հատուկ վերահսկման ցուցակից կտեղափոխվի երկրորդ խումբ, որում ընդգրկված են այն երկրները, որտեղ արձանագրվել է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի որոշակի առաջընթաց: «Հակառակ դեպքում` հետեւանքները կանդրադառնան Հայաստանի եւ ԱՄՆ հարաբերություններին եւ ԱՄՆ աջակցությանը »,- հայտարարել է Միլլերը: «ԱՄՆ պատրաստ է աշխատել Հայաստանի հետ, որպեսզի ապահովի թրաֆիքինգի դեմ պայքարում առաջընթացը զեկույցի հրապարակումից հետո եւս, որպեսզի գտնի խնդրի լուծման ուղիները»,- ընդգծել է նա: «Հայաստանում կա թրաֆիքինգի լուրջ խնդիր, քանզի այն սկզբնաղբյուր-երկիր է»,- նշել է նա: Միլլերի խոսքերով` հայ կանանց եւ երեխաների համար վերջնակետ են ՄԱԷ-ն եւ Թուրքիան: «Այդ ֆենոմենը գոյություն ունի ցանկացած երկրում եւ կապ չունի նրա զարգացումից, սակայն ԱՄՆ մեծ ուշադրություն է հատկացնում թրաֆիքինգին, քանզի ստրկությունը հետք է թողել ԱՄՆ պատմությունում»,- ընդգծել է Միլլերը: