AM
18 June 2005 - 03:29 AMT

ԱՄՆ ԶՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Եվրոպայում ԱՄՆ Ռազմական հրամատարությունը Պենտագոնի հանձնարարությամբ մշակել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագիր: Փաստաթուղթը նախատեսում է հիմնախնդրի լուծման ուղղությամբ ներգրավել շարժական ուժերին, որոնք կարող են տեղակայվել Հարավային Կովկասի տարածքում: Ծրագրի համաձայն` վերջին երկու ամիսների ընթացքում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ռազմական փորձագետների միջեւ անցկացվել են մի շարք բանակցություններ: Այս մասին տեղեկացրել է Ռազմավարական հետազոտությունների ամերիկյան կենտրոնի նախագահ Մարկո Պրենը: Նրա խոսքերով` Հարավային Կովկասում ԱՄՆ շարժական ուժերի օգտագործման սցենարներից մեկն այդ ուժերի ներգրավումն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Չնայած Մ.Պրենին հայտնի չեն մշակված ծրագրի հեղինակները, սակայն նա հույս ունի, որ «նախաձեռնությունը պատկանում է Պենտագոնի ավելի հասուն նեկայացուցիչներին»: Այսպիսով, նոր ծրագրի իրականացումը մտնում է Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի պարտավորությունների մեջ: Դրա հետ մեկտեղ, վկայակոչելով Պենտագոնի աղբյուրները` Մ.Պրենը նշել է. «ԱՄՆ ցանկությունը չէ ցանկացած մեթոդներով Հարավային Կովկասում տեղակայել շարժական ուժերը: Պենտագոնը կողմնակից չի ղարաբաղյան հարցի դրամատիզացմանը եւ ձգտում է նշված տարածաշրջանի տարածքում ստեղծել որեւէ ռազմակայան: Կարեւորը նշված ուժերի առաքելության եւ մանդատի կանխորոշումն է»: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ անհնար է գտնում ԱՄՆ շարժական ուժերի ներգրավումը հակամարտության կարգավորման գործում: Սակայն Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը նշել է, որ նրա կարծիքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշակի փուլում օտարերկրյան զորքերի ներգրավումը Լեռնային Ղարաբաղում անվտանգության գործընթացն ապահովելու համար անխուսափելի է: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը հայտարարել է, որ առայժմ վաղ է խոսել ղարաբաղյան հակամարտության գոտում ՆԱՏՕ-ի խաղաղապահների տեղակայման մասին: Նրա խոսքերով` տվյալ հարցը քննարկման առարկա չէ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցություններում: «Մեծ հավանականություն կա, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների Փարիզում կայացած հանդիպումից հետո կայանալու է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հայտնի է, որ բանակցությունները կայանալու են Լեռնային Ղարաբաղին հարակից Ադրբեջանի յոթ գրավյալ տարածքներից հայկական զինված ստորաբաժանումների դուրսբերման շուրջ: Միայն այդ հանդիպումներից հետո կարելի է խոսել այլ հարցերի շուրջ քննարկումների անցկացման մասին»,- ասել է Զ.Ասքերովը: Նա տեղեկացրել է, որ նախագահների հերթական հանդիպման տեղն ու ժամանակը կախված կլինեն ԱԳՆ ղեկավարների բանակցություններից, տեղեկացնում է «Կովկասյան հանգույցը»: