Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը դեկտեմբերի 19-ի երեկոյան Կալինինգրադից վերադարձել է Երևան: Հայաստանի հավաքականի անդամներից մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն է դարձել Կորյուն Սողոմոնյանը (49 ք/կ), արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել համապատասխանաբար Արամ Ավագյանը (56 ք/կ) և Նարեկ Աբգարյանը (52 ք/կ): «Զվարթնոց» օդանավակայանում հայ բռնցքամարտիկներին դիմավորել են իրենց ծնողները և երկրպագուները: Սողոմոնյանը խոստովանել է, որ շատ ուրախ է, որ կարողացել է մեդալներ նվաճել Հայաստանի համար. «Առաջնությունը շատ բարդ էր, բայց ինձ համար հատկապես դժվար էր կիսաեզրափակիչ մենամարտում բռնցքամարտել ռուս բռնցքամարտիկի դեմ»:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը նշել է, որ Եվրոպայի առաջնությունում երեք մեդալ նվաճելը լավ ձեռքբերում է:
«Կորյունը Երևանում 2009-ին դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն, և մեզ ուրախացնում է, որ նա զարգանում է: Մեր հավաքականը լավ է հանդես եկել»,- ասել է Մուրադյանը:






