AM
20 Դեկտեմբեր 2012 - 07:10 AMT

Լևոն Հայրապետյան. Եթե բուժումս այսպես շարունակվի, մայիսին կկարողանամ մարզվել թիմի հետ

Դեռևս սեպտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը վնասվածք էր ստացել ՝ Բուլղարիա-Հայաստան հանդիպման ժամանակ: Վերջերս նա ենթարկվել էր վիրահատության, որը հաջող էր անցել:

«Առաջին անգամն է, որ այսքան ժամանակ բացակայում եմ ֆուտբոլից: Խաչաձև կապանս էր կտրվել, վնասվել էր մենիսկս: Այս պահին Համբուրգում եմ, բայց հունվարի 8-ին մեկնելու եմ Ռեսենբուրգ՝ հատուկ վերականգնողական կենտրոն, իսկ դրանից հետո կրկին կմեկնեմ Մյունխեն, որտեղ իմ բուժմամբ զբաղվում է «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի բժիշկը՝ Հանս-Վիլհելմ Մյուլլեր-Վոլֆարտը»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Հայրապետյանը:

Նա խոստովանել է, որ իր բուժման հարցերով զբաղվում է միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել ՀՖՖ-ից. « Շատ արագ վերականգնվում եմ: Հիմա արդեն հեծանիվ եմ քշում, կատարում եմ վերականգնողական տարբեր վարժություններ, ամեն օր ընդունում եմ մերսումներ: Եթե ամեն ինչ ընթանա ինչպես նախատեսել ենք, արդեն մայիսին կկարողանամ նորմալ մարզվել թիմի հետ»: Հայրապետյանը խոստովանել է, որ շատ է ցանկանում հունիսին վերադառնալ խաղադաշտ և հավաքականին օգնել հաղթանակներ տոնել:

«Ոչ միայն ֆուտբոլիստներին, այլև ֆուտբոլասերներին և, առհասարակ բոլորին մաղթում եմ քաջ առողջություն և բազմաթիվ հաջողություններ»,- ասել է նա: