AM
20 June 2005 - 03:19 AMT

ԲԱՔՈՒՆ ԼՈՒՐՋ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ

Լեռային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը կասկածում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում կներկայացնեն «հակամարտության վերջնական կարգավորման ավարտական ծրագիր», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: «Կարելի ենթադրել, թե ի՞նչ կբերեն համանախագահները, սակայն դժվար թե դա լինի հակամարտության վերջնական կարգավորման ավարտական գծագիրը», – ասել է Արկադի Ղուկասյանը: Մեկնաբանելով պաշտոնական Բաքվի առաջարկը Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայքների միջեւ երկխոսության հաստատման անհրաժեշտության մասին` Արկադի Ղուկասյանն ասել է. «Վատ չէր լինի, եթե ադրբեջանական համայնքը երկխոսություն կազմակերպեր Լեռնային Ղարաբաղի հունական, ռուսական, ուկրաինական եւ այլ համայնքների հետ»: Նրա խոսքերով, Բաքվի փորձերը ստեղծել այնպիսի տպավորություն, որ Լեռնային Ղարաբաղը ոչ թե հակամարտության կողմ է, այլ ընդամենը համայնք, վկայում են հակամարտության լուծման նկատմամբ Ադրբեջանի մոտեցման անլրջության մասին: «Ստեփանակերտի հետ ուղիղ երկխոսություն վարելու պաշտոնական Բաքվի չկամությունը ձգձգում է ադրբեջանական ժողովրդին հուզող խնդիրների լուծումը»,-հայտարարել է Ղուկասյանը: