«Հարավային Կովկասի Խորհրդարանական վեհաժողովի ստեղծումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո միայն,-հայտարարել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը: Նշենք, որ հունիսի 16-ին Թբիլիսիյում ստորագրվել է Հարավային Կովկասի խորհրդարանական վեհաժողովի մասին հուշագիրը, ընդ որում ադրբեջանական կողմից այն ստորագրել է Ս.Նովրուզովը: Վրաստանից փաստաթուղթը ստորագրել է խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն, իսկ Հայաստանից` Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Ս.Նովրուզովը հաստատել է, որ իսկապես ստորագրել է Թբիլիսիյում նշված փաստաթուղթը, սակայն վերապահումով, որ համագործակցությունը հնարավոր է միայն ղարաբաղյան հակամարտության կարգավումից հետո: Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ ինքը դեմ չէ Խորհրդարանական վեհաժողով ստեղծելու նախաձեռնությանը, եւ նույնիսկ հավանություն է տալիս այդ գաղափարին: «Սակայն քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված, ոչ մի համագործակցություն Հայաստանի հետ լինել չի կարող»,-ընդգծել է «Ենի Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչը: