AM
20 June 2005 - 04:58 AMT

ԵԽԽՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ

Սթրասբուրգում երկուշաբթի օրը կբացվի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը: Օրակարգ է մտել ԵԽ առջեւ 1996 թվականին` անդամակցության ժամանակ ստանձնած Ռուսաստանի պարտավորությունների կատարման մասին զեկույցի քննարկումը: Փաստաթուղթը, որը պետք է հաստատվի նստաշրջանում քվեարկության միջոցով, կհրապարակվի երկու եվրոպացի խորհրդարանականների` Դեւիդ Աթկինսոնի եւ Ռուդոլֆ Բինդիգի կողմից: Ամառային նստաշրջանի օրակարգի մյուս կետերի թվում է զեկույցը զանգվածային լրատվության միջոցների մասին, որտեղ լրագրողներին կոչ են անում ձեռնպահ մնալ ահաբեկչական գործողությունների շոկ առաջացնող տեսարանների հրապարակումներից: Բացի այդ նախատեսվում է նաեւ քննարկել ժողովրդավարության պահպանման հարցերը Հայաստանում եւ Ադրբեջանում: Նստաշրջանի շրջանակներում կքննարկվի նաեւ իրավիճակը Կոսովոյում,. Միջին Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում: Նստաշրջանում ակնկալվում են Բոսնիայի եւ Հերցոգովինայի վարչապետ Ադնան Թերզիչի, ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Ժան Լեմյերի, Պորտուգալիայի արտգործնախարար Դիոգու Ֆրեյթաշ դու Ամարալի ելույթները: Նշենք, որ վերջինս ներկայում ս նախագահում է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեյում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: