ՀՖՖ Արտոնագրման բաժինը սկսում է 2013-2014 թվականների արտոնագրային մրցաշրջանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակից ակումբների համար: Այդ կապակցությամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրել է իր ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն իր մեջ ներառում է ՀՖՖ Արտոնագրման համակարգի քաղաքականությունը, ինչպես նաև երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակային խնդիրները: «Նախորդ մրցաշրջանում առաջին անգամ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը անցում կատարեց խաղերի անցկացման աշուն-գարուն մրցակարգի` համաձայն ՀՖՖ Գործադիր կոմիտեի 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշման: 2013-2014 թթ. մրցաշրջանի ՀՀ Բարձրագույն խմբի 22-րդ առաջնությունը ևս անցկացվելու է աշուն-գարուն մրցակարգով»,- ասել է Հայրապետյանը:
Նախատեսված է, որ նոր մրցաշրջանը կսկսվի 2013 թվականի օգոստոս ամսին, ուստի ակումբների արտոնագրման և վերահսկողության գործընթացը ընթանալու է փոփոխված ժամանակացույցով: Ակումբների վերահսկողության գործընթացը, որպես ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի բաղկացուցիչ մաս, ամբողջական կերպով կկիրառվի 2013-2014 թթ. մրցաշրջանից սկսած:
Նոյեմբերի 19-ին Հայաստանում կազմակերպվել է ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման և Ֆինանասական արդար խաղի բաժնի մասնագետի սեմինար-հանդիպումը ՀՖՖ Ակումբների գլխավոր քարտուղարների, արտոնագրման և ֆինանսական հարցերով պատասխանատուների հետ. «Միաժամանակ, ես ակնկալում եմ, որ բոլոր ակումբներն անխտիր նույնպես պատրաստակամություն և պատասխանատվություն կդրսևորեն այս աշխատանքների նկատմամբ, ինչը թույլ կտա այս գործընթացն ավարտել հաջողությամբ: Հավելեմ, որ ակումբների արտոնագրման և վերահսկողության գործընթացը նպաստում է ակումբների` ՈՒԵՖԱ-ի կողմից պահանջվող միջազգային ստանդարտներին համապատասխան գործունեությանը և պրոֆեսիոնալ աշխատանքին»:






