«Կվերածվի արդյո՞ք Ղարաբաղը Կոսովոյի»,-նման հարց է տալիս «Զեռկալո» ադրբեջանական թերթի առաջին էջում հրապարակված ծավալուն հոդվածի հեղինակը, հաղորդում է «Երկիր» թերթը: Հոդվածում նշվում է, որ հայկական կողմը ուշադիր հետեւում է «այսօր Կոսովոյում ընթացող գործընթացներին, եւ կարծես նմանակում է ալբանացիների քայլերը»: Սկզբից Հայաստանը առաջարկեց հաստատել անցումային մի շրջան, որի ժամանակ միջազգային հանրությունը կհետեւի, թե ի վիճակի է արդյոք Լեռնային Ղարաբաղը իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ, ասվում է հրապարակման մեջ: Այդ փուլի ավարտից հետո միջազգայի հանրությունը կորոշի պետք է Ղարաբաղը ստանա անկախություն թե ոչ: Նույն կերպ են վարվում այսօր Կոսովոյի ալբանացիները, հաղորդում է թերթը` ընդգծելով, որ իրադարձությունների նման ընթացքը լրջորեն սպառնում է Ադրբեջանի դիրքերին: