AM
20 Դեկտեմբեր 2012 - 15:59 AMT

Հրաչյա Ռոստոմյան. Հեծանվային սպորտը Հայաստանում լավ ավանդույթներ ունի, պետք չէ այն կորցնել

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մասնակցել է Հայաստանի հեծանվային ապորտի ազգային ֆեդերացիայի հաշվետվության լսումներին: 2012-ին իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը:

Նրա խոսքերով, տարեսկզբին Ծաղկաձորում կազմակերպվել է ուսումնամարզական հավաք, իսկ հունիս ամսին՝ Հայաստանի խճուղային հեծանվավազքի առաջնությունը: Հայաստանի հեծանվային սպորտի հավաքականները մասնակցել են նաև մի շարք միջազգային մրցաշարերի: Մասնավորապես՝ Բելոռուսիայի բաց առաջնությանը, Թուրքիայում տեղի ունեցած բազմօրյա խճուղային հեծանվավազքին, Պորտուգալիայում և Հոլադիայում կայացած եվրոպական մրցաշարերին և Իրանում կայացած բազմօրյա հեծանվավազքին, որտեղ թիմային հաշվարկով գրավել են 5-րդ տեղը:

«Հեծանվային սպորտը Հայաստանում լավ ավանդույթներ ունի, պետք չէ այն կորցնել: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ լավ մարզիկներ ունենալու համար նախ լուրջ ֆինանսական միջոցներ և հետո, իհարկե, ժամանակ է անհրաժեշտ»,- նշել է Ռոստոմյանը: