AM
21 June 2005 - 04:15 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ ՏԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է 2005 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐՋԻՆ

Երեւանում Մոսկվայի տան հիմնարկումը նախատեսվում է 2005 թվականի չորրորդ եռամսյակում: Այս մասին Քաղաքի ճարտարապետության, շինարարության, զարգացման եւ վերակառուցման համալիրի վարչական խորհրդակցությունում հայտարարել է Մոսկվայի կառավարությունում քաղաքապետի առաջին տեղակալ, Համալիրի ղեկավար Վլադիմիր Ռեսինը, տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները: Հայաստանի մայրաքաղաքի իշխանությունների կողմից Մոսկվայի տան շինարարության համար առաջարկված հողատարածքի գնահատում եւ ձեւակերպում կատարել, թողարկել համապատասխան կարգադիր փաստաթուղթ` այս են առաջնահերթ խնդիրները, որոնք պետք է կատարի Մոսկվայի շինհամալիրը, նշել է Վլադիմիր Ռեսինը: Ինչպես հայտարարել է Հայաստան այցի ընթացքում Վ.Ռեսինին ուղեկցող Մոսկվայի քաղաքաշինության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Սերգեյ Համբարձումյանը, Մոսկվայի տան շինարարությանը հովանավորելու է Երեւանում ստեղծված Մոսկվայի ներդրումային-շինարարական ընկերությունը: Ներկայումս մշակվում է Տան կոնցեպցիան, որը դառնալու է Ռուսաստանի եւ Հայաստանի մայրաքաղաքաների բազմակողմ բարեկամական եւ գործնական համագործակցության կենտրոն: