AM
22 June 2005 - 04:05 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՊԿ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Մոսկվայում այսօր մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը: Նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի արտգրոծնախարարները, ինչպես նաեւ Կիրգիզիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարը: Հանդիպմանը նախագահում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: Ինչպես նախօրեին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն, «արտգործնախարարների քննարկմանը կդրվեն Կազմակերպության անդամ-երկրների դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման, ռազմական եւ այլ ոլորտներում ինտեգրման զարգացման հարցերը»: «Բացի այդ, կանցկացվի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում եւ նրան հարակից շրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի մանրազնին վերլուծություն»,-ասել է Յակովենկոն: Նրա խոսքերով, ԱԳՆԽ նիստում հատուկ տեղ կզբաղեցնեն Աֆղանստանում իրավիճակի զարգացմանն ու այդ երկրում հետկոնֆլիկտային կարգավորման ոլորտում ՀԱՊԿ անդամ-երկրների գործունեության համակարգմանը վերաբերող հարցեր: «Այդ համատեքստում կքննարկվի նաեւ Աֆղանստանում հակաահաբեկչական գործողությունների արդյունավետության եւ այդ երկրում թմրանյութերի արտադրման նվազեցմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի ակտիվացման հարցը»,-նշել է գործակալության զրուցակիցը: «Զգալի տեղ կհատկացվի նաեւ փոխգործակցության հետագա ամրապնդման հարցերին նոր մարտահրավերների եւ սպառնալիքների, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ-պետությունների անվտանգության համար սպառնալիք ներկայացնող ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքարի հարցերին»,-ավելացրել է դիվանագետը: Նրա խոսքերով, նիստին նախատեսվում է քննարկել նաեւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք գործում են անվտանգության ոլորտում, ներառյալ ՆԱՏՕ-ն, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: