Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով 2012 թվականը այնքան էլ հաջող չէր իր սաների համար արդյունքների առումով, հատկապես 2010-2011 թվականների հետ համեմատած:
«Բոլոր ֆուտբոլիստները վառ անհատականություններ են և իրենց հետ զուտ մարդկային առումով պետք է շփվել, ինչպես հավասարը հավասարի: Ես իմ աշխատանքում շատ եմ կարևորում թիմում տիրող մթնոլորտը: Մարզիչը պետք է կարողանա հասկանալ, թե ինչ է ուզում ֆուտբոլիստը, փորձի մտնել նրա վիճակի մեջ և ամեն ինչի հասնել բացատրելու միջոցով: Հավատացեք, որ այդպես ավելի հեշտ է»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Մինասյանը:
Նա նշել է, որ սկսել է ուշադրություն դարձնել, թե զարգացման ինչ միտումներ կան ժամանակակից ֆուտբոլում, որովհետև հիմա բոլորն էլ սովորել են ֆուտբոլ խաղալ և ունեն որոշակի տակտիկական սխեմաներ:
Որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի չափանիշ Միանսյանը նշել է Սարգիս Հովսեփյանին: Լավագույն ֆուտբոլիստների շարքում նա առանձնացրել է նաև Խորեն Հովհաննիսյանին և Էդգար Մանուչարյանին երիտասարդ տարիքում:
Մարզիչը ցանկանում է, որ 2013 թվականին մարզական բախտի կամ հակառակորդի գործոնները ավելի լավ դասավորվեր հավաքականի համար:
«Մեր ժողովրդին առաջին հերթին մաղթում եմ խաղաղություն ՝ հատկապես հաշվի առնելով վերջին շրջանի իրադարձություններն աշխարհում և այն հանգամանքը, որ շատ հարցեր դեռևս կարգավորված չեն նաև մեր երկրի համար: Բնականաբար մեր ազգին մաղթում եմ առողջություն: Շատ կարևոր է լինել ֆիզիկապես և հոգեպես առողջ: Եվ երրորդը, ինչ կցանկանայի մաղթել մեր ժողովրդին, բարեկեցությունն է, որը նույնպես շատ կարևոր է բոլորի համար»,- ավելացրել է նա:






