ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Գլխավոր Ասամբլեան միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը: Իսկ նահանգի կրթության հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանության բազմակողմանի ուսումնասիրման ծրագիրը: Բանաձեւում հարգանքի տուրք է մատուցվում զոհը դարձած 1,5 միլիոն հայերի հիշատակին: «Այս բանաձեւը ճանաչում է Հայոց ցեղասպանության 90-ամյակը եւ հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության կառավարության կողմից հանցավոր վարքագիծը համարում է միջազգային եւ պատմական կարեւորության հարց», – ասված է փաստաթղթում: Ծրագրի շրջանակներում Նյու Ջերսի նահանգի միջնակարգ դպրոցներում եւ քոլեջներում տարածվելու է «Հանցագործություններ ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության. Հայերի ցեղասպանություն» գիրքը: Բացի այդ, նահանգի ուսուցիչներին բաժանվելու է Հայոց ցեղասպանության մասին ուսումնական ձեռնարկ, որը մշակվել է Նյու Ջերսի նահանգի Հոլոքոստի ուսումնասիրման հանձնաժողովի եւ Հայկական ազգային ինստիտուտի կողմից: