Ավարտվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, մասնակցել են 85 ըմբիշներ Երևանից, Վանաձորից և Գյումրից:
Հայաստանի չեմպիոններ են դարձել Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Արթուր Առաքելյանը (60 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (84 կգ), Էդգար Ենոքյանը (96 կգ)և Վիկտոր Կազիշվիլին (120 կգ): «Այս տարի մասնակիցների թիվը բավականին քչացել է, ինչն ինձ շատ է մտահոգում: Ըմբիշները հիմնականում ներկայացնում էին Երևանը, իսկ Վանաձորն ու Գյումրին, որոնք միշտ էլ ուժեղ են եղել ըմբշամարտում, ընդամենը երեք մեդալ են նվաճել: Ընդհանուր առմամաբ մասնակցության մակարդակից շատ դժգոհ եմ, գուցե, պատճառն այն է, որ առաջնությունն անցկացվեց տարեվերջին, և մարզիկների մոտ պայքարելու ցանկությունն այդքան էլ մեծ չէր»,- ասաց նա:
Ըստ մարզչի, ըմբիշներն իրենց անձնական մարզիչների հետ այդքան էլ լավ չեն աշխատում, և առաջնության ժամանակ դա ակնհայտ կերպով երևաց: Այս տարվա աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների մեդալակիրները չեն կարողացել արժանի դիմակայություն ցույց տալ և կանգնել պատվոհարթակին:
«Միջազգային մրցաշարերում նրանք լավ են հանդես գալիս, որովհետև հավաքականում են մարզվում, սակայն մենք չենք կարող ամբողջ տարին հավաքներ անցկացնել: Անձնական մարզիչների հետ աշխատանքը շատ թույլ է»,- ավելացրեց Բաղդադյանը:






