Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի մոտ, տեղի է ունեցել քննարկում, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության եզրափակչում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Դեկտեմբերի 21-ին, ազատ ոճի ըմբշամարտի 96կգ քաշային կարգում հանդես եկող Էդգար Ենոքյանի և Անդրանիկ Գալստյանի եզրափակիչ մենամարտի վերջնահատվածում, գորգի մրցավար Գևորգ Հարությունյանը, իր կողմից սխալմամբ Գալստյանին տված 1 միավորը նրանից հանել և տվել է Ենոքյանին, ինչից հետո մրցող ըմբիշների և նրանց երկրպագուների միջև ընդհարում է սկսվել: Նախարարի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, մեկ անգամ ևս ուշադրությամբ դիտելով մրցամարտի տեսագրությունը, եկել են այն եզրակացության, որ իսկապես, նախօրոք միավորը Գալստյանին տալը մրցավարի կողմից սխալ է եղել, որը րոպեներ անց հենց մրցավարի կողմից ուղղվել է:
Չնայած միջադեպը նույն օրն իսկ հարթվել է, սակայն, ներկաները խիստ դատապարտելով երևույթը, որոշել են առաջարկել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային նկատողություն հայտարարել երկու ըմբիշներին, նրանց անձնական մարզիչներին և խիստ նկատողություն՝ գորգի մրցավարին, չթույլատրելով նրան մասնակցել երկու մրցաշարերի, միաժամանակ հորդորելով ֆեդերացիայի ղեկավարությանը մեկ անգամ ևս լրջորեն ուսումնասիրել կատարվածը և անել համապատասխան եզրահանգումներ, տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:






