Հայաստանի 2012 թվականի լավագույն մարզիկ Արսեն Ջուլֆալակյանը «Դեֆակտո սպորտ» ամսագրի կողմից ևս ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ:
Ամսագրի գլխավոր խմբագիր Վլադիմիր Հովհաննիսյանը միջոցառման ժամանակ նշեց, որ Ջուլֆալակյանի նվաճած Օլիմպիական արծաթե մեդալը շատ կարևոր ու սպասված պարգև էր հայկական մարզաշխարհի համար. «Ես շատ մեծ հույս ունեմ, որ արդեն հաջորդ Օլիմպիադայի ժամանակ Արսենը կկարողանա դառնալ ոսկե մեդալակիր»:
Ջուլֆալակյանը, որն այս տարի բացի Օլիմպիական մեդալից նվաճել է նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ, շնորհակալություն հայտնեց մրցանակի համար` նշելով, որ դա իրեն ուրախացնում, բայց նաև պարտավորեցնում է: «Շատ մեծ պատիվ է, որ դառնում ես մի ողջ երկրի լավագույն մարզիկ: Ես 2007 թվականից հայտնվում էի տասնյակում` զբաղեցնելով տարբեր հորիզոնականներ: Այս տարի դարձա լավագույնը, ու սրանում մեծ ներդրում ունեն իմ մարզիչները, ովքեր օգնել են ինձ հասնել հաղթանակների: Շնորհակալ եմ նաև «Դեֆակտո սպորտ»-ին այս մրցանակի համար»,- ասաց մարզիկը:






