Ռուսաստանին անհանգստացնում է այն «մեծ ուշադրությունը», որը ՆԱՏՕ-ն մտադիր է հատկացնել Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններին: Այդ մասին ՌԴ Պետդումայի առաջին փոխխոսնակ Լյուբով Սլիսկան հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ կայացած հանդիպման ընթացքում: «Ռուսաստանյան կողմն ընդգծում է, որ այդ տարածաշրջաններում նոր հզոր ռազմաքաղաքական խաղացողի հայտնվելը կարող է բարդեցնել բանակցային գործընթացների առկա ձեւաչափերի աշխատանքը եւ լուրջ ռիսկ է պարունակում»,-հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակը: Ընդսմին նա ընդգծել է, որ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի առանձին քաղաքական գործիչներ փորձում են ՆԱՏՕ-ի հաշվին ամրապնդել իրենց դիրքերը: Այդ տարածաշրջաններում, «որտեղ մեծ է կոնֆլիկտային ներուժը, անհրաժեշտ է գործել խիստ զգուշավոր ու կշռադատված, հաշվի առնելով ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի գծով եւ բազմակողմ ու երկկողմ այլ ձեւաչափերով կուտակված խաղաղարար փորձը»: Լյուբով Սլիսկան նշել է, որ ազդեցության ոլորտների համար պայքարի քաղաքականությունը անցյալին է պատկանում: Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, թե «մեզ համար միեւնույն չէ, թե ինչին են նպատակաուղղված լինելու այդ տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի մեր գործընկերների ջանքերը»: Նրա խոսքերով, «երբեմն առանձին քաղաքական գործիչներ հայտարարում են, որ Ռուսաստանն իբր շահագրգռված չէ ետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների լուծմամբ, եւ ՆԱՏՕ-ի ընդլայնումը պետք է հանգեցնի բոլոր վեճերի ու հակամարտությունների արագ կարգավորմանը»: «Մեզ համար կարեւոր է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը լինի թափանցիկ ու կանխատեսելի, իրականացվի փոխադարձ վստահության ոգով եւ տարածաշրջանի բոլոր պետությունների շահերի հաշվառմամբ»,-հայտարարել է Լ.Սլիսկան: