Մեծ Բրիտանիան, որպես Եվրոպական Միության գործող նախագահի ներկայացուցիչ, գիտակցում է «Եվրոպական հարեւանության քաղաքականության» (ENP) հաջողության նշանակությունը որպես Ադրբեջանում ժողովրդավարական նորմերի եւ համաշխարհային հանրությանը ինտեգրվելու խթանող գործոն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուն: Անդրադառնալով միասնական Եվրոպական սահմանադրության ընդունման շուրջ վիճաբանությանը, որը ճգնաժամ է առաջացրել ԵՄ-ում` դեսպանը նշել է, որ «անկախ ստեղծված իրավիճակից Եվրոպական Միությունը չպետք է կենտրոնանա զուտ ներքին խնդիրների լուծման վրա»: «ENP հիմքում պետք է լինի «նոր հարեւանների» աստիճանական ինտեգրումը ԵՄ ներքին շուկային: Այս ծրագրի ընդունման նպատակով արդեն հուլիսին Բաքու կժամանեն ԵՄ փորձագետները ծրագրի նախնական տարբերարկով, որն էլ հիմք կծառայի եվրոպական կառույցներին Ադրբեջանի առաջիկա ինտեգրման համար»,-նշել է Լորի Բրիսթոուն: Ավելի վաղ, դեռեւս 2004թ. հունիսի 14-ին ԵՄ Խորհուրդը որոշում էր կայացրել Հարավային Կովկասի երկրները ENP գործողությունների ոլորտում ընդգրկելու մասին: ԵՄ Խորհրդի կողմից հավանության արժանացած «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը» դեռեւս 2003թ.մարտին Եվրամիության ընդունած «Ընդլայնված Եվրոպա.Նոր հարեւաններ» փաստաթղթի վրա կատարված աշխատանքի արդյունքն է: