Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացումը պայմանավորված է Վրաստանում ռուսաստանյան ռազմակայանների տեխնիկայի մի մասի Հայաստան փոխադրմամբ: «Ճիշտ է` ռազմական տեխնիկան չի փոխանցվում Հայաստանին, այլ մնում է ռուսաստանյան ռազմակայանի տրամադրության տակ: Սակայն, ամեն դեպքում, ռազմական տեխնիկան տեղափոխվելու է Հայաստան, եւ դա մեզանից պահանջում է համապատասխան միջոցներ ձեռնարկել, ինչը մենք արեցինք` ավելացնելով բյուջեի ռազմական ծախսերը», – հայտարարել է Իլհամ Ալիեւը: Նա նաեւ ասել է, թե այս տարի ռազմական ծախսերը հասցվել են 300 միլիոն դոլարի` 2004 թվականի 175 միլիոնի դիմաց` ավելացնելով, թե «պաշտպանական կարողությունների ավելացումը անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»:,-ավելացրել է ԱՀ նախագահը: «Մեր բանակը ուժեղագույնն է Հարավային Կովկասում: Մենք հասել ենք գերակայության եւ կշարունակենք ուժեղացնել այն», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը: – «Մենք կօգտագործենք դիվանագիտական եւ քաղաքական բոլոր մեթոդները, սակայն հակառակորդը պետք է իմանա, որ Ադրբեջանի բանակը կարող է մոբիլիզացվել ցանկացած պահի եւ ազատագրել գրավյալ տարածքները»,-հայտարարել է Իլհամ Ալիեւը: