Այսօր Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հայաստանում Կանադայի դեսպան Քրիսթոֆեր Վեսթդալի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-կանադական միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերությունների խորացման հեռանկարները: Դիվանագետի խնդրանքով, Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է նրան հանրապետությունում սահմանադրական եւ օրենսդրական բարեփոխումների ընթացքի ու ժողովրդավարության զարգացման մասին: Իր հերթին, Քրիսթոֆեր Վեսթդալը, ընդգծելով խորհրդարանի դերի կարեւորությունը այդ գործընթացներում, նշել է, որ քաղաքական հաջողությունները եւ տնտեսական աճը լայն հնարավորություններ են բացում Հայաստանի համար: Նա նաեւ հայտնել է Կանադայի պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանն ու հայ-կանադական գիտական, կրթական եւ մշակութային համագործակցության խորացմանը: Բացի այդ, հանդիպման ժամանակ Արթուր Բաղդասարյանը հրավեր է ստացել այցելել Կանադա պաշտոնական այցով: Զրուցակիցները քննարկել են այցի մանրամասները: