Ադրբեջանի ղեկավարությունը գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը «կմեծացնի լարվածությունը Հարավային Կովկասում»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը` թուրքական «Զաման» թերթին տված հարցազրույցում: «Մեզ լավ հայտնի է Հայաստանի քաղաքականությունը: Ինչպե՞ս է փոխվել Երեւանի դիրքորոշումը Թուրքիայի կողմից օդային հաղորդակցությունը բացելուց հետո», – հայտարարել է նա` նշելով, որ «թուրքական կողմի նման քայլը միայն ուժեղացրել է Հայաստանի ճնշումը»: «Մի կողմից, Հայաստանը խոսում է Անկարայի հետ մերձենալու ցանկության մասին, մյուս կողմից` ավելացնում է ռազմական ներկայությունը Թուրքիայի հետ սահմանի վրա»,- հայտարարել է Նովրուզ Մամեդովը: