AM
30 June 2005 - 05:56 AMT

2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ԿԱԶՄԵԼ 75 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների ենթակոմիտեն այսօր հաստատել է 2006 ֆինանսական տարում Հայաստանին որպես ֆինանսական աջակցություն 75 մլն դոլար հատկացնելու մասին որոշումը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Այդ գումարը 20 մլն դոլարով գերազանցում է ԱՄՆ նախագահի վարչակազմի առաջարկածը եւ 8 մլն դոլարով Ներկայացուցիչների պալատի առաջարկած գումարը: Բացի այդ, ԱՄՆ Սենատի հաստատած 565 միլիոնի օգնությունը նախկին խորհրդային երկրներին գերազանցում է նախագահի վարչակազմի հայտը` 482 մլն եւ Ներկայացուցիչների պալատի հայտը` 477 դոլար: Ըստ Սենատի որոշման, 5 մլն դոլարը կհատկացվի Հայաստանին որպես ռազմական ֆինասական օգնություն եւ 750 հազար դոլար միջազգային ռազմական ուսուցման եւ մարզումների միջազգային ծրագրերի իրականացման համար: Վրաստանին եւ Ադրբեջանին 2006 թվականին կհատկացվի համապատասխանաբար 70.5 մլն դոլար եւ 38 մլն դոլար: Այդ որոշումը այս շաբաթ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեի կողմից: Նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2006 ֆինանսական տարում Հայաստանին հատկացվելիք օգնությունը 67.5 մլն դոլարի չափով, ինչպես նաեւ 5 մլն դոլար` Լեռնային Ղարաբաղին որպես մարդասիրական օժանդակություն, եւ պահպանել է հավասար ռազմական ֆինանսական օգնության տրամադրումը Հայաստանին եւ Ադրբեջանին` 5.75 մլն դոլար յուրաքանչյուրին: Հետագայում Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի համատեղ կոմիտեն կքննարկի երկու որոշումները եւ կշտկի տարաձայնությունները: