Փարիզի դատարանում սկսվել է Հայ Դատի հանձնախմբի դեռեւս 2003 թվականի մայիսին ձեռնարկած դատական նիստը «Quid» հանրագիտարանի եւ «Ռոբեր Լաֆոն» հրատարակության դեմ, որոնք մեղադրվում են «Հայոց ցեղասպանությունը ժխտելու քարոզչությունում», տեղեկացնում է «Երկիր» թերթը: Հանձնախմբին աջակցել են Ֆրանսահայ կազմակերպությունների խորհուրդը, Ֆրանսիայի հրեա ուսանողների միությունը, «Ժը Ագյուզ» կազմակերպությունը: Չորսժամյա դատական նիստի ընթացքում ունկնդրվել է տուժող եւ ամբաստանյալ կողմերի փաստաբանների ելույթները: Դատավճիռը հայտարարվելու է հուլիսի 6-ին: Դատական գործընթացի պատճառը հանրագիտարանում «Թուրքիա, որոշ հարցեր, Հայաստան: Հայկական հարցի մասին թուրքական դիրքորոշումը» խորագրով նյութն է, որտեղ ժխտվում է Հայոց ցեղասպանությունը: Հայ Դատի հանձնախումբը մտադիր է դատի միջոցով հասնել նման մոտեցումը փոփոխելուն: