AM
10 Հունվար 2013 - 06:53 AMT

Հենրիխ Մխիթարյան. Վերջերս ավելի վստահորեն եմ մոտենում գոլային պահերին

Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ շատ է վերլուծում իր գործողությունները, հատկապես որոշիչ էպիզոդներում թույլ տված սխալները: Նա նաև ընդգծել է, որ վերջին ժամանակներս ավելի վստահորեն է մոտենում գոլային պահերին:

«Ինձ օգնում է մարզումների ժամանակ ճիշտ աշխատելը: Ինչպես նաև գործին ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ մոտեցումը:

Սեփական փորձով համոզվել եմ, որ բարձր մակարդակի ֆուտբոլում մանրուքներ չեն լինում: Ամեն ինչ ազդում է խաղի վրա:

Որքան լավ ես նախապատրաստվում, այնքան լավ ես խաղում: Որքան ինքնավստահ ես լինում, այնքան ավելի շատ գոլեր ես խփում»,-Մխիթարյանի խոսքը փոխանցում է sport-express.ru-ն:

Ֆուտբոլիստն ասել է, որ իր թիմի նպատակները շատ բարձր են և «Շախտյորը» պետք է կարևորագուն հանդիպումներ անցկացնի «Բորուսսիայի» հետ: Մխիթարյանի խոսքով, պետք է պատրաստվել դրանց և մտածել այն մասին, թե ինչպես ավելի լավ դիմակայել հակառակորդին` անպայման հաղթելու համար: