AM
9 July 2005 - 04:24 AMT

ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔԻ» ՄՇԱԿՈՒՄԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում կշարունակվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության «կարգավորման հիմքի» մշակմանն ուղղված աշխատանքը: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Մեր տրամադրությունը շատ բարձր է, աշխատանքային: Ես կարծում եմ, որ այցը շատ օգտակար կլինի հետագա բանակցային գործընթացի համար», – նշել է նա: Ռուս դիվանագետը ավելացրել է, որ այցի ընթացքում քննարկվելու են «ձեւակերպումների տարբերակներ»: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Կազանում այդ աշխատանքն ավարտվի», – նշել է նա: Հիշեցնենք, որ օգոստոսի վերջում անցկացվելու է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի շրջանակներում կանցկացվեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Յուրի Մերզլյակովը հայտնել է, որ մինչեւ Կազանում կայանալիք հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կանցկացնեն բանակցությունների եւս մեկ փուլ, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: