AM
14 Հունվար 2013 - 11:43 AMT

Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է Օլիմպիադա-2016-ի նախապատրաստական աշխատանքները

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է 2016 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ նախապատրաստական աշխատանքների քառամյա ծրագրերը:

Ըստ ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացրած ծրագրի, նախապատրաստական աշխատանքները բաժանվում են մի քանի փուլերի: Նախ ձևավորվելու է թիմի կազմը՝ հիմնվելով Հայաստանի և միջազգային առաջնություններում հայ ծանրորդների ցույց տված արդյունքների վրա, կատարվելու է հավաքականի անդամների առողջական վիճակի և ֆունկցիոնալ հնարավորությունների համալիր ուսումնասիրություն և ի հայտ են բերվելու հեռանկարային և շնորհալի երիտասարդ մարզիկներ:

2012-14 թթ. կկազմավորվի ծանրամարտի հավաքականը, իսկ 2015 թվականին, հաշվի առնելով մարզիկների մարզական ցուցանիշները, դրանց կայունությունը և մարզիկների տեխնիկատակտիկական պատրաստվածությունը, կհաստատվի հավաքականի վերջնական կազմը: Քառամյա ծրագրի ընթացքում, ըստ տարիների կանցկացվեն մարզումներ և տարեկան մրցումային հանդիպումներ՝ 2013 թվականին ընդհանուր 1450 օր, 2014թ.՝ 1700 օր, 2015թ.՝ 1860 օր և մինչև 2016թ. օգոստոս ամիսը՝ 1200 օր տևողություններով: