AM
15 Հունվար 2013 - 08:08 AMT

Լենս Արմսթրոնգը հրապարակավ խոստովանել է, որ դոպինգ է օգտագործել

Անվանի ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգը հրապարակավ խոսոտվանել է, որ դոպինգ է օգտագործել: Ինչպես հաղորդել է AP գործակալությունը, նա համապատասխան հայտարարություն է արել Օփրա Ուինֆրիի հայտնի թոք-շոուի ժամանակ, որի տեսագրությունը կայացել է երկուշաբթի օրը: Հաղորդումը եթեր դուրս կգա հունվարի 17-ին:

2012-ի հոկտեմբերի վերջին Հեծանվորդների միջազգային միությունը հաստատել է ԱՄՆ հակադոպինգային գործակալության որոշումը 41-ամյա Արմսթրոնգին ցմահ որակազրկելու և 1988-ից սկսած նրա բոլոր տիտղոսները վերցնելու մասին: Մարզիկը միշտ հերքել է պարբերաբար հայտնվող մեղադրանքները խթանիչներ օգտագործելու մասին, սակայն այդ որոշումը չի բողոքարկել, և այն ուժի մեջ է մտել 2012-ի դեկտեմբերի 27-ին:

Արմսթրոնգը որոշել է խոստովանել խթանիչների օգտագործումը, քանի որ ցանկանում է շարունակել մասնակցել մրցումներին, ավելի վաղ նշել է «Նյու Յորք թայմս» թերթը: Մասնավորապես, նա հույս ունի ելույթ ունենալ տրիաթլոնի և վազքի մրցումներում: Բացի դրանից, հրատարակության տվյալներով, Արմսթրոնգին համոզել են խոստովանել դոպինգ օգտագործելու մեջ նրա կողմից ստեղծված «Լիվսթրոնգ» բարեգործական հիմնադրամի հարուստ հովանավորները, որն օգնություն է ցուցաբերում քաղցկեղով հիվանդներին: