AM
15 July 2005 - 04:36 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ «ԿՈՐՈՒՍՏՆԵՐՈՎ` ԱՆԿԱՐԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Սան Ֆրանցիսկոյում լրագրողներին արած հայտարարության մեջ կտրուկ մեղադրանքներ է հղել Հայաստանի ղեկավարության հասցեին: Նա նշել է, որ Երեւանը «շարունակում է զավթողական քաղաքականությունը», եւ մեկ անգամ եւս նախազգուշացրել է Հայաստանի ղեկավարությանը` նշելով, որ Թուրքիան «մտադիր չէ հրաժարվել Հայաստանին ներկայացված իր պահանջից գրավյալ ադրբեջանական տարածքները ազատելու վերաբերյալ»: Էրդողանի խոսքերով, պաշտոնական Երեւանը պետք է գործնականում ապացուցի իր շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու հարցում: Վարչապետը ասել է, թե «Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատումը կարող է մեկ քայլ առաջ լինել այդ ճանապարհին»: «Հայաստանը պետք է գնա գրավյալ տարածքներից եւ կարճ ժամկետում հանձնի դրանք Ադրբեջանին: Հակառակ դեպքում Թուրքիան չի բացի իր սահմանը օկուպանտ-երկրի հետ»: Անդրադառնալով որոշ արեւմտյան երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը` Էրդողանը նման գործողությունները անարդարացի եւ չհիմնավորված է անվանել եւ ասել է, թե ցեղասպանության ճանաչումը բոլորովին չի նպաստում հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Այդ պատճառով, նշել է նա, Հայաստանի ղեկավարությունը պետք է եւս մեկ անգամ քննարկի իր քաղաքականությունը ցեղասպանության վերաբերյալ: Նրա խոսքերով, չկատարելով Թուրքիայի պահանջները, Հայաստանը շատ բան կկորցնի: Էրդողանը կոչ է արել Հայաստանի կառավարությանը «թշնամանք չսերմանել երկու հարեւան ժողովրդների միջեւ եւ չօգտագործել պատմությունը այդ նպատակների համար», հաղորդում է Բաքվի «525» թերթը: