«Լաչինն Ադրբեջանի անբաժանելի մասն է, եւ այդ տարածքը ոչ մի դեպքում չի կարող փոխանցվել հայերի հսկողության տակ»,- հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նրա խոսքերով` «հայկական կողմը փորձում է «միջանցքի» քողի տակ լրիվ հսկողություն ապահովել Լաչինի շրջանի նկատմամբ»: «Բաքուն բազմիցս հաստատել է իր դիրքորոշումը, համաձայն որի հայերի կողմից գրավված տարածքները, այդ թվում` Լաչինի շրջանը, պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Փոխարենը պաշտոնական Բաքուն պարտավորվում է անվտանգության երաշխիքներ տալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը», – հայտարարել է Ազիմովը` նշելով, որ Լաչինի հարցում Ադրբեջանի կողմից որեւէ զիջումների մասին խոսք անգամ լինել չի կարող, տեղեկացնում է «Մեդիամաքս. գործակալությունը: Նշենք, որ ավելի վաղ, մեկնաբանելով Լաչինի մարդասիրական միջանցքի թեման, որը վերջին ժամանակներս բարձրացվում է Բաքվի կողմից` ԼՂՀ նախագահ Ա.Ղուկասյանը նշել է, որ Լաչինը չի կարող փոխզիջման առարկա լինել, քանզի այդ ճանապարհն է Լեռնային Ղարաբաղը կապում արտաքին աշխարհի հետ: «Մենք ոչ մի քայլ չենք նահանջել եւ չենք նահանջի մեր ժողովրդի դիրքորոշումից»,- ընդգծել է ԼՂՀ ղեկավարը: