AM
18 July 2005 - 02:52 AMT

ԲՈՒԴՅՈՆՈՎՍԿՈՒՄ ՀՐԿԻԶՎԵԼ Է ԿԱՌՈՒՑՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂՑԻՆ

Բուդյոնովսկում (Ստավրոպոլի երկրամաս) վերջին կես տարվա ընթացքում երկրորդ անգամ պղծվել է քաղաքի հիմնադիր հայերի հուշարձանը, հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրմաս» թերթը: Թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանի խոսքերով, «Սուրբ Խաչ քաղաքի հիմնադիր հայրերին» համալիրի բացումը տեղի է ունեցել 2004 թվականի հոկտեմբերի 17-ին: Համալիրը կազմված է 8 մետր բարձրություն ունեցող կամարից, Խաչքարից եւ քարերի կոմպոզիցիայից: Կամարի տակ տեղադրված է զանգը, որը երկար տարիներ աղոթքի է կանչել հայկական եկեղեցու ծխականներին, իսկ կամարի վրա երկու կողմերից գրված է ռուսերեն եւ հայերեն` «1799-2004. Սուրբ Խաչ»: Առաջին անգամ վանդալների հարձակումը հուշարձանի վրա տեղի ունեցավ 2005 թվականի փետրվարին, այն ժամանակ տուժեցին հուշարձանի եւ հայկական, եւ ռուսական կողմերը` ռուսական կողմից պոկվել էին «1799-2004» թվերը, իսկ հայկական կողմից նույն այդ թվերը եւ գրեթե ողջ «Սուրբ Խաչ» գիրը: Եվ ահա օրերս տեղի ունեցավ վայրագության նոր դեպք, այս անգամ ջարդվել են լապտերները, բետոնի կտորները վնասել են Խաչքարը, կամարի տակ կատվի դիակ է հայտնաբերվել, իսկ հենց կամարի վրա` ոտնահետքեր: Նույն աղբյուրի համաձայն, կատվի դիակը հուշում է, որ կատարվածը սատանիստների ձեռքի գործն է, իսկ գործողությունը ծիսական բնույթ է կրել: Սակայն, հուլիսի 16-ին գրանցվել է հերթական միջադեպը, այս անգամ այրվել է կառուցվող Սուրբ Հարության հայկական եկեղեցու պարիսպը: Դա եղել է ցերեկը, եւ ժամանակին եկած հրշեջները մարել են կրակը: Պատահարի վկաները չեն կասկածում, որ դա հրկիզում է եղել: Բացառված չէ, որ վանդալների ու հրկիզողների նպատակը ազգամիջյան հարաբերությունները սրելն էր քաղաքում, քանի որ «Հիմնդաիր հայրերի» համալիրը Բուդյոնովսկի բնակիչենրը ընկալում են որպես ռուս-հայկական բարեկամության հուշարձան: «Այդ առնչությամբ վրդովեցնում է իրավապահ մարմինների անգործությունը, որոնց համար, ըստ երեւույթին, ավելի դյուրին եւ անվտանգ է զբաղվել Հայաստանից ժամանած գրանցում չունեցող աշխատավոր միգրանտների որոնմամբ եւ արտաքսմամբ, քան թե բռնել իսկական հանցագործների»,-նշել է Տիգրան Թավադյանը: Նշենք, որ Սուրբ Խաչ քաղաքը (այժմ Բուդյոնովսկ) հիմնադրվել է 1799 թվականին Ղարաբաղից վերբնակված հայերի կողմից` Ռուսաստանի կայսր Պավել Երկրորդի հրովարտակի համաձայն: