AM
18 July 2005 - 06:11 AMT

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅՈՑ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գերմանիան կորցրեց Հայոց ցեղասպանության հարցում միջնորդ լինելու իր շանսը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պատմական ընկերության հայկական հետազոտությունների բաժնի պետ, դոկտոր Հիքմետ Օզդեմիրը, հաղորդում է Die Welt-ը: Նրա խոսքերով, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը միակողմանի որոշում էր, քանի որ այն կայացվել է առանց այդ հարցի շուրջ Թուրքիայի կարծիքը հաշվի առնելու: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը առաջարկել էր իրեն այցելել Բեռլին պարզաբանելու համար Թուրքիայի դիրքորոշումը, սակայն գերմանական կողմը հրաժարվեց դրանից: Նա նաեւ նշել է, որ եթե որեւէ մեկը փաստաթուղթ ներկայացնի, որ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը ծրագրել է հայերի բնաջնջումը, ապա ինքն էլ կճանաչի դա: Ինչպես նշել է Օզդեմիրը, Հայոց ցեղասպանության ժամանակահատվածում հայերը պայքարել են թուրքերի դեմ, եւ հայերի արտաքսումը անհրաժեշտ է եղել ռազմական պատճառներով: Մինչդեռ, նրա խոսքերով, Թուրքիայի կառավարությունը հոգ էր տանում քաղաքացիական անձանց մասին, եւ նույնիսկ հետաձգել է բռնագաղթը ձմեռվանից մինչեւ գարնանամուտ, վտանգի չենթարկելու համար մարդկանց: Հայերի զանգվածային մահը եղել է պատերազմի, եղանակի եւ այլ հանգամանքների հետեւանք: