Կիպրոսի հունական համայնքը սպառնում է Ադրբեջանին ուղիղ չվերթ բացել դեպի Լեռնային Ղարաբաղ, սակայն դա նրանց չի հաջողվի: Նման հայտարարությամբ թուրքական «Հյուրիեթ» թերթում հանդես է եկել չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Մեհմետ Ալի Թալաթը: Ըստ Թալաթի, Ադրբեջանի քայլերն ուղղված Հյուսիսային Կիպրոսի հետ մերձեցմանը կօգնեն չեզոքացնել Կիպրոսի թուրքական համայնքի միջազգային մեկուսացումը, իսկ Կիպրոսի հունական համայնքի սպառնալիքները չեն կարող իրականանալ: «Ես համոզված եմ, որ այդ սպառնալիքները խոսքերից այն կողմ չեն անցնի»,-ընդգծել է ՀԿԹՀ նախագահը: Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Ռուսաստան կատարելիք այցի նախօրեին հայտարարել է, թե պաշտոնական Բաքվի վերջին քայլերը փաստացի նշանակում են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության ճանաչում: «Ես հուսով եմ, որ Ադրբեջանի քայլերն այդ ուղղությամբ կշարունակվեն»,-նշել է վարչապետը, հաղորդում է «Երկիր» թերթը: