Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարությունում քննարկվել է բռնցքամարտի ֆեդերացիայի Օլիմպիական խաղերի նախապատրաստական քառամյա ծրագիրը: Նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար քառամյա ծրագիրը բաժանվել է 3 շրջանի:
2013-14 թթ. լինելու է հավաքական թիմում ընդգրկվող բռնցքամարտիկների ընտրության շրջան, որը պայմանավորված է լինելու հանրապետական և միջազգային մրցաշարերում մարզիկների ցույց տված արդյունքներով: Զուգընթաց բացահայտվելու են նաև հեռանկարային հնարավորություն ունեցող մարզիկները, ովքեր հաջորդ 2 տարիների ընթացքում համալրելու են ազգային հավաքականի կազմը:
2014-15 թթ. ընթացքում հաստատվելու է հավաքական թիմի կազմը և ելնելով մարզիկների անհատական մարզական հատկանիշներից` աշխատանքներ են տարվելու նրանց պատրաստվածության կատարելագործման ուղղությամբ: Մշակվելու են հավաքականի թեկնածուների ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստականության անհատական բնութագրերը: Դրանց նպատակն է լինելու ապահովել հայ բռնցքամարտիկների հաջող ելույթները Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին:
Հավաքականի անդամները մասնակցելու են ընդհանուր 1164 ժամ մարզումների, 2014թ.՝ 1256 ժամ, 2015թ.՝ 1290 ժամ և մինչև 2016թ. օլիմպիական խաղերի մեկնարկը՝ 1020 ժամ մարզումների, որոնք ներառում են ուսումնամարզական հավաքները, տեղերում կազմակերպվող մարզումները, ինչպես մարզիկների մասնակցությունները տարբեր մենամարտերի:
Մասնագետները կանխատեսում են, որ Ռիո-16-ին Հայաստանը կներկայացնեն 3 բռնցքամարտիկներ և ակնկալում են նվաճել առնվազն մեկ օլիմպիական մեդալ:






