AM
21 Հունվար 2013 - 14:53 AMT

Տիգրան Պետրոսյան. Չափազանց դժվար էր առաջնության հենց մեկնարկից պահել առաջատարի դիրքը

Հայաստանի շախմատի չեմպիոնի կոչումը երկրորդ տարին անընդմեջ նվաճելուց հետո գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը խոստովանեց, որ վերջին պարտիան շատ բարդ էր ու լարված: 9-րդ տուրում Պետրոսյանի մրցակիցը Ավետիք Գրիգորյանն էր, և հաղթանակի դեպքում հենց նա էլ դառնալու էր չեմպիոն, սակայն հանդիպումն ավարտվեց խաղաղ ելքով:

«Մինչև վերջին վայրկյանն էլ լարվածություն կար: Երկկողմ հետաքրքիր քայեր էինք կատարում, բայց դիրքը ոչ ոքիի էր, և ինձ հաջողվեց գտնել ճիշտ քայերը, վաստակել կես միավոր, ինչը շատ ձեռնտու էր: Ավետիքը շատ ուժեղ մրցակից էր: Մոտ 4-րդ տուրից հետո ես զգում էի, որ չեմպիոնության համար պայքարելու են Հայաստանի վերջին 3 տարվա չեմպիոնները, այդպես էլ եղավ»,- ասել է շախմատիստը:

Պետրոսյանն անկեղծացավ, որ շատ է հոգնել, քանի որ չափազանց դժվար էր առաջնության հենց մեկնարկից պահել առաջատարի դիրքը, քանի որ հետապնդողները լավ էին հանդես գալիս և հաղթանակներ էին տոնում:

«Մինչև վերջին պարտիան չէի կարող թուլանալ: Կարծեմ վերջին տարիների ընթացքում ոչ մեկի չի հաջողվել չեմպիոն դառնալ 2 անգամ անընդմեջ, ուրախ եմ, որ ամրապնդեցի դիրքս հավաքականում և կձորձեմ լավ ելույթ ունենալ: Մի քիչ կհանգստանամ և կպատրաստվեմ մրցաշարերին: Արդեն փետրվարի 10-ին եմ մասնակցելու Aerophlot open-ին»: ,- նշել է նա: