AM
20 July 2005 - 06:00 AMT

ԵՄ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԼԱՎ ԾԱՆՈԹ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻՆ

Ուրուգվայի խորհրդարանում տեղի է ունեցել Եվրամիության արտաքին կապերի հանձնակատար Բենտա Ֆերերո Ուալդների հանդիպումը Հայ Դատի հանձնախմբի եւ Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի կենտրոնական վարչության ներկայացուցիչ Ավետիս Պատանյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Ուրուգվայի խորհրդարանի նախագահ Նորա Կաստրոն: Ա. Պատանյանը Բենիտա Ուալդներին տեղեկացրել է Ուրուգվայում ընթացող ստորագրահավաքի մասին, որի նպատակն է թույլ չտալ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցությունն այնքան ժամանակ, քանի դեռ նա պաշտոնապես մերժում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ակցիան նախաձեռնել է Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր, ծագումով հայ Լիլիան Քեջեջյանը: Բ.Ուալդներին հանձնվել է նաեւ Հայ Դատի հանձնախմբի Հարավային Ամերիկայի գրասենյակի կողմից Ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ լույս ընծայված «Հայոց ցեղասպանություն» գիրքը: ԵՄ արտաքին կապերի հանձնակատարը նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցին շատ մոտիկից է ծանոթ: Բենիտա Ֆերերո Ուալդները Ուրուգվայում էր գտնվում Հարավային Ամերիկա կատարած իր այցի շրջանակներում, տեղեկացնում է «Երկիր» թերթը: