Մանկավարժական համալսարանը հյուրնըկալել է Եվրոպական շախմատային միության խորհրդի անդամներին: Բուհի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը նրանց ծանոթացրել է իրեն գործունեությանը և անդրադարձել ուսումնական գործընթացում «Շախմատ» առարկայի պարտադիր ներդրմանը:
Նա կարևորել է այն հանգամանքը, որ ամեն տարի Մանկավարժական համալսարան ընդունվող ավելի քան 4000 ուսանող հնարավորություն ունի հիմնական մասնագիտությունից բացի տիրապետել շախմատային հմտություններին և այն դասավանդել դպրոցում:
Համալսարանում գործող Ֆիզիկակական կուլտուրայի ամբիոնը վերանվանվել է Շախմատի և սպորտի` կրելով նաև բովանդակային փոփոխություններ: Իսկ ամբիոնը ղեկավարում է ՀՀ Շախմատի ակադեմիայի նախագահ և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:
«Անհրաժեշտ է օգտագործել պահն ու Հայաստանի շախմատային հարուստ փորձը տարածել ողջ Եվրոպայում»,- ասել է Լպուտյանը:
Եվրոպական շախմատային միության նախագահ Սիլվիո Դանաիլովն իր ուրախությունը հայտնեց շախմատի առաջատար երկիր համարվող Հայաստանում գտնվելու կապակցությամբ. «Մենք նման ենք անփորձ աշակերտների, ովքեր հետևում են այդ բնագավառում ձեր հաջողություններին և ցանկանում ենք փորձառություն ձեռք բերել` Եվրամիության անդամ երկրների դպրոցներում առարկան լավագույնս դասավանդելու համար»:






