AM
24 Հունվար 2013 - 11:20 AMT

Ծանրամարտի կանանց հավաքականը պատրաստվում է Հայաստանի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հունվարի 16-31-ը նրանք իրենց առաջին ուսումնամարզական հավաքն են անցկացնում Ծաղկաձորում:

«Մարզվում են 18 ծանրորդուհիներ, որոնք պատրաստվում են Հայաստանի առաջնությանը: Առաջնությունը մեկնարկում է փետրվարի 14-ին և կարող եմ ասել, որ նրանք լավ մարզավիճակում են: Մենք ունենք պատանի մարզուհիներ, որոնք կարող են համալրել հավաքականի կազմը, այս տարի պետք է սերտորեն աշխատենք նրանց հետ»,-ասել է Ներսիսյանը:

Հայաստանի առաջնությունից հետո ծանրորդուհիները կպատրաստվեն աշխարհի պատանեկան առաջնությանն ու մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:

«Եվրոպայի առաջնությանն անպայման կմասնակցի Մելինե Դալուզյանը, և, հավանաբար, Էլեն Գրիգորյանը»,-հավելել է մարզիչը: