Այսօր Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը նշում է իր գործունեության 4 տարին: Գրասենյակի ստեղծման պահից ի վեր՝ 2009թ. հունվարի 24-ից մինչ օրս այն մի քանի փուլ է անցել՝ կազմակերպչական, երբ նոր ինստիտուտ էր ստեղծվում և վիճահարույց հարցերը շատ էին, ճանաչված դառնալն ու բնակչության շրջանում վստահություն նվաճելը:
Սկզբնական շրջանում, երբ գրասենյակն ընդամենը երկու աշխատակից ուներ և գտնվում էր ԿԲ շենքում, նրա գոյության մասին գիտեր հարցվածների ընդամենը 12 տոկոսը, որից 4 տոկոսը սոսկ ընդհանուր պատկերացում ուներ գրասենյակի մասին: 2009թ. ստացվող բողոքիների 70 տոկոսը դուրս էր գրասենյակի իրավասությունից; Իսկ 2011-ին արդեն հարցման մասնակիցների 95 տոկոսը գիտեր ֆինանսական հաշտարարի աշխատանքի մասին:
Ըստ գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանի, գրասենյակի աշխատանքի կարևոր ուղղություններից է գործընկերային հարաբերությունների ստեղծումը ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի շրջանակներում ներդրվել է հաշտեցման ինստիտուտը ֆինանսական կազմակերպությունների հետ վեճերում:
Այսօր այդ համագործակցությունն ողջունելի է: Գրասենյակը 2012թ. պարգևատրել է նրանցից 5 լավագույններին՝ «Բանկ ՎՏԲ Հայաստան» ՓԲԸ-ին, ACBA և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ներին, վարկային կազմակերպություններից «Ռոսգոսստրախ Արմենիա» ՓԲԸ-ին և «Ինգո Արմենիա» ՓԲԸ-ին: 2013թ. ավարտին, երբ գրասենյակը կնշի իր 5-ամյակը, կպարգևատրվի նաև ֆինանսական ոլորտի լավագույն աշխատողը, որն իր անձնական ավանդն ունի ոլորտի ընդհանուր աշխատանքի մեջ:
Կարևորվում է նաև համագործակցությունը միջազգային ասպարեզում, այդ թվում արդեն ավանդական դարձած միջազգային խորհրդաժողովների անցկացումը: Համագործակցության շնորհիվ Ուկրաինայում արդեն օրինագիծ է ընդունվել նմանատիպ կառույցի ստեղծման մասին Հայաստանի փորձի կիրառմամբ, քննարկումներ են գնում նաև Ռուսաստանի, Բոսնիայի ու Հերցոգովինայի հետ:
Գրասենյակի աշխատանքը բարձր գնահատական է ստացել ՀԲ կողմից, որը զեկույց է նախապատրաստել բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի ու գրասենյակի դերի մասին այդ գործում: Հաշտարարն ակտիվորեն իրականացնում է ուսուցողական ծրագրեր ինչպես ֆինանսական համակարգի աշխատակիցների, այնպես էլ բնակչության լայն շրջանակներում՝ դպրոցներում, բուհերում, այդ թվում նաև ԼՂՀ տարածքում:
2009թ. հունվարի 24-ից մինչ օրս ֆինանսական հաշտարարի գրասենյակը հօգուտ հաճախորդի է հանգուցալուծել գրավոր տեսքով ստացած բողոքների 68 տոկոսը, որի արդյունքում փոխհատուցումը կազմել է 228 մլն դրամ: Իսկ ընդհանուր առմամբ այդ շրջանում գրասենյակը ստացել է 3 221 բողոք, որից 722-ը ընդունվել է քննության:






