AM
25 July 2005 - 03:31 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻԱՍԻՆ ԿԱՇԽԱՏԵՆ ՋԱՎԱԽՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Նախօրեին ոչ պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Մարգարյանը հատել է հայ-վրացական սահմանը Ախալքալաքում, որտեղ նրան հանդիպել է իր վրացի գործընկեր Զուրաբ Նողաիդելին: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները ավտոմեքենայով այցելել են Վրաստանի Սամցխե Ջավախքի առավելապես հայաբնակ մի քանի գյուղեր: «Մենք քննարկել ենք մեր պետությունների միջեւ տնտեսական համագործակցության որոշ հարցեր: Հիմնականում, մենք կքննարկենք, թե ինչպես միասնաբար զարգացնենք սահմանամերձ շրջանները եւ Վրաստանի այդ տարածաշրջանը` Ջավախքը»,-ասել է լրագրողներին Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին Սաթխա գյուղում: Նա ընդգծել է, որ Սամցխե Ջավախքի տարածաշրջանը ճանապարհների ենթակառուցվածքների կարիք ունի եւ այդ գործում Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունները կաշխատեն համատեղ: «Հարկավոր է զարգացնել ճանապարհային ենթակառուցվածքները եւ հնարավորություն ստեղծել տնտեսական զարգացման համար: Մենք դա բավականին արագ կանենք: Ես կարծում եմ, որ հաջորդ երեք-չորս տարվա ընթացքում այդ տարածաշրջանը հնարավոր չի լինի ճանաչել»,-ասել է Նողաիդելին: Իր հերթին, Հայաստանի վարչապետը նշել է, որ «գյուղերը խնդիրներ ունեն եւ Վրաստանի տարածքում, եւ Հայաստանի»: «Մենք կարծում ենք, որ համատեղ ջանքերով մենք կլուծենք բոլոր այդ խնդիրները»,-ասել է Մարգարյանը: Վրաստան կատարած երկօրյա այցի ընթացքում Հայաստանի վարչապետը կայցելի առողջարանային Բորժոմ քաղաքը: Հուլիսի 25-ի գիշերը Մարգարյանն ու Նողաիդելին անց են կացրել Բորժոմի կառավարական «Լիկանի» նստավայրում` Ռոմանովների ամառանոցում: Այսօր Հայաստանի վարչապետը իրեն ուղեկցող անձանց հետ Թբիլիսիի օդանավակայանից կուղեւորվի Երեւան, հաղորդում է «Նովոստի-Գռուզիա» գործակալությունը: