AM
25 Հունվար 2013 - 08:13 AMT

Կիոկուշինկայ կարատեդոյի թիմն աշխարհի գավաթում գրավել է 2-րդ տեղը

Հայաստանի կիոկուշինկայ կարատեդոյի հավաքականը նոր է վերադարձել ճապոնական Չիբա քաղաքից, որտեղ մասնակցում էր աշխարհի գավաթի Գրան Պրիին:

Հավաքականի կազմում հադես եn եկել վեց կարատեիստներ, որոնցից չորսը նվաճել են մեդալներ` թիմային հաշվարկով գրավելով 2-րդ հորիզոնականը:

Չեմպիոններ են դարձել Նարեկ Գաբրիելյանը և Արսեն Խաչատրյանը, իսկ բրոնզե մեդալներ են նվաճել Հրաչիկ Գրիգորյանն ու Էդիկ Բաբայանը:

«Եթե անկեղծ լինեմ, մենք մեկ մեդալի ակնկալիք ունեինք, սակայն տղաները ներդրեցին իրենց ողջ ուժերը և պայքարեցին շատ ուժեղ մարզիկների հետ: Այնտեղ մեր հիմնական մրցակիցները Ճապոնիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Լեհաստանի և Ղազախստանի թիմերն էին, և թիմային հաշվարկով մենք փաստորեն զիջեցինք միայն տանտերերին»,- նշեց կիոկուշինկայ կարատեդոյի ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը:

Խաչատրյանն ապրում և մարզվում է Ռուսաստանում և առաջին անգամ է ներկայացրել Հայաստանը: Իսկ Գաբրիելյանն ու Գրիգորյանը միջազգային խոշոր մրցաշարերի փորձ ունեն, սակայն խոստովանեցին, որ աշխարհի գավաթին մասնակցելն անհամեմատ լուրջ ու ծանր փորձություն էր:

«Շատ ուժեղ մրցակիցներ ունեցա, մանավանդ եզրափակչում, երբ հանդիպեցի ճապոնացի կարատեիստին: Սակայն ես ավելի ուժեղ գտնվեցի, ու շատ ուրախ եմ, որ նվաճեցի ոսկե մեդալ»,- նշեց Գաբրիելյանը:

«Կիսաեզրափակչում վնասվածք ստացա, ինչն էլ խանգարեց, որ պայքարեմ ոսկե մեդալի համար: Ամեն դեպքում, գոհ եմ իմ ելույթից»,- սա էլ Գրիգորյանի կարծինք է:

Ի տարբերություն թիմակիցների, Բաբայանն առաջին անգամ է մասնակցել նման խոշոր մրցաշարի և նշեց, որ սա մեծ փորձ էր իր համար ու հետագայում կփորձի ավելի հաջող հանդես գալ: