Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ քննարկում լրագրողների և նախարար Հրաչյա Ռոստոմյանի մասնակցությամբ, որը կապված էր 2012 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակի հետ:
Տասնյակը բուռն քննարկում էր առաջացրել հասարակության մեջ, և նախարարի խոսքով, նա նման քննարկում է կազմակերպել, որպեսզի հետագայում դժգոհույթւուններ չլինեն: Նա նաև ընդգծեց, որ մարզաշխարհում այդ տասնյակն որևէ դժգոհություն չի առաջացրել:
Մարզասերների հիմնական դժգոհությունն այն էր, թե ովքեր են այն 30 լրգագրողները, որոնք ընտրում են տարվա ընթացքում աչքի ընկած մարզիկներին, ինչ սկզբունքով են նրանք ընտրվում և իրենք ինչ չափորոշիչներով են առաջնորդվում տասնյակն ընտրելիս: «Եղել են կարծիքներ, որ ընտրությունները թափանցիկ չեն եղել, մինչդեռ մենք հավակնորդների անունները 2000 թվականից սկսած տպագրում ենք թերթում, տպագրում ենք նաև քվերակության արդյունքները և, թե որ լրագրողն ինչպիսի ընտրություն է կատարել: Մենք ունենք հստակ կանոնադրություն և դրանով էլ առաջնորդվում ենք»,- ասաց Մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը:
Ռոստոմյանն էլ նշեց, որ սպորտը միակ ոլորտն է, որ գնահատում են արդյունքներով: «Խաղային մարզաձևերը բոլորովին այլ են, ես դեռ մի քանի տարի առաջ եմ ասել, որ Հայաստանում թիմային մարզաձևերում հաջողություն գրանցելու համար երկար տարիներ են անհրաժեշտ: Մենք բոլորս նպատակ ունենք հզորացնել մեր երկիրը, և սպորտը կարող է նման առաքելություն կատարել»,- ավելացրեց նա:
Նախարարն առաջարկեց, որ 2013 թվականի մինչև մարտ ամիսը Մարզական լրագրողների ֆեդերացիան հավատարմագրի լրագրողներին, և նրանք ունենան առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և տարեկան 10-15 հոդված գրած լինեն, բացվի կայք, և բոլորը ծանոթ լինեն քվեարկության չափորոշիչների հետ:






