AM
26 July 2005 - 04:11 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՊԱՀԵԼ ԹՈՒՐՔ-ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը սուր քննադատության է ենթարկել Շվեյցարիայի գործողությունները` ուղղված թուրք քաղաքական գործիչ Դոգու Պերինչեկի նկատմամբ: Նշենք, որ թուրքական աշխատավորական կուսակցության նախագահ Դոգու Պերինչեկը ելույթ ունենալով Լոզանի պայմանագրի 82-ամյակի տոնակատարության առթիվ կազմակերպված միջոցառմանը` Հայոց ցեղասպանությունն անվանել է «իմպերիալիստների սուտ», որի համար տարվել է ոստիկանություն: Նշենք, որ ի հրապարակաց Հայոց ցեղասպանության ժխտումը Շվեյցարիայում համարվում է քրեականորեն պատժվող գործողություն: Ինչպես նշել է Գյուլը, նման գործողությունները վայել չեն այնպիսի երկրին, ինչպիսին Շվեյցարին է, եւ նա չի պատկերացնում, որ Թուրքիան հաշտվի իր երկրի քաղաքական կուսակցության նախագահի նկատմամբ ձեռնարկված նման գործողություններին : Թուրքիայի եւ Շվեյցարիայի միջեւ հարաբերությունները լարված էին դեռեւս թուրք պատմաբան Յուսուֆ Գալաչողլու դատական հետապնդման պատճառով, որը եւս հայտնի է իր հակահայկական հայտարարություններով: Դեռեւս պարզ չէ, կկայանա արդյոք Շվեյցարիայի Դաշնային խորհրդի նախագահ Ջոզեֆ Դեյսի այցը Թուրքիա, որը նախատեսված է սեպտեմբերին: Թուրքական կողմն առայժմ չի հաստատել այցը, որը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս, տեղեկացնում է Associated Press գործակալությունը: