Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ Լյուքսեմբուրգի հետ ընկերական խաղից առաջ կայանալիք հավաքին նախատեսել էր հրավիրել մոտ 30 ֆուտբոլիստների: Այդ ժամանակ ՀՖՖ-ն բանակցություններ էր վարում Ֆրանսիայում ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու համար, բայց, երբ պարզ դարձավ, որ երկրորդ հանդիպումը չի կայանալու, մարզչական շտաբը նպատակահարմար գտավ հրավիրել 22 ֆուտբոլիստի:
Հրավիրվածների թվում են նաև չորս նորեկներ՝ Արսեն Բեգլարյանը, Արտյոմ Խաչատուրովը, Նորայր Ասլանյանը և Միխաիլ Մարկոսովը: Ինչպես հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, Մինասյանը չի բացառում նաև, որ հավաքականի վերջնական կազմում հնարավոր են փոփոխություններ:
Վնասվածքների պատճառով այս հավաքին չեն հրավիրվել Դավիթ Մանոյանը, Մասիս Ոսկանյանը և Լևոն Հայրապետյանը, իսկ Յուրա Մովսիսյանը դեռ գտնվում է վերականգնման փուլում:
Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպումը կայանալու է փետրվարի 5-ին ֆրանսիական Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:






