(?)Հայաստանի չեմպիոն:
(!)Հպարտություն, հզորություն:
(?)Վերադարձ հավաքական:
(!)Ուրախ, հաճելի զգացողություններ և պատասխանատվություն:
(?)Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող:
(!)Ուժեղագույններից մեկը լինելու ձգտում:
(?)Վլադիմիր Հակոբյան:
(!)Ավագ ընկեր, կոլեգա և շատ հաճելի անձնավորություն:
(?)Արշակ Պետրոսյան:
(!)Մարզիչ, ով միշտ դժվարին պահին կողքիդ է:
(?)Մատ:
(!)Շախի տրամաբանական շարունակություն:
(?)Վերջնախաղ:
(!)Պարտիան ավարտին մոտեցնելու և հանգստանալու ձև: Եթե իմ օգտին է պարտիան` արագացնում եմ վերջնախաղը:
(?)Ձի:
(!)Իմ սիրած շախմատային ֆիգուրը, որն ավելի մանևրային է, կարող ես ավելի հետաքրքիր մտահաղացումներ անել: Ձին ճարպիկ է ու դժվար է նրան կասեցնելը:
(?)Ոչ ոքի:
(!)Չիրականացված մտահղացումներ:

(?)Տիգրան Պետրոսյան:
(!)Անուն, որն ինձ հետապնդում է մանկությունից և որն արդեն դարձել է իմ կյանքի անբաժանելի մասնիկը:
(?)Մաֆիա:
(!)Խաղ, որի շնորհիվ կարողանում եմ ցրվել և ընկերական շարջապատում շատ լավ ժամանակ անցկացնել:
(?)Ամուսնություն:
(!)Կյանքի կարևոր իրադարձություն:

(?)Շախմատային խորամանկություն:
(!)Հնարավոր է, որ երկար մտածեմ, ու մրցակցին թվա, թե չգիտեմ այդ դիրքը և արդեն ավելի թուլացած խաղա: Բայց իրականում ես լավ ծանոթ եմ լինում այդ դիրքին ու խաղը թեքում եմ իմ օգտին:
(?)Ֆուտբոլ:
(!)Իր հետաքրքրությամբ երկրորդ սպորտն է, եթե շախմատը սպորտ համարենք, որ ես սիրում եմ: Հետևում եմ բոլոր առաջնություններին ու հատկապես Իսպանիայի և Անգլիայի լիգաներին: Բացի այդ, ես էլ եմ սիրում խաղալ:
(?)Հիասթափություն:
(!)Այս զգացողությունն ունենում եմ վատ խաղացած պարտիայի կամ կյանքում կայացրած սխալ որոշման ժամանակ:
(?)Ճանապարհորդություն:
(!)Մրցաշարեր շատ են լինում, ու ես տարեկան 6-7 երկիր եմ մեկնում: Նոր բաներ եմ սովորում ու փորձում կիրառել Հայաստանում:
(?)Խոհանոց:
(!)Ուտելու հետ սեր ունեմ: Ցանկացած լավ առիթ ընկերներով նշում ենք ու համտեսում ենք տարբեր խոհանոցների ուտեստներ:
(?)Շախմատային սովորություն:
(!)Մշտապես փորձում եմ մի քանի քայլ առաջ մտածել: Նույնը փորձում եմ անել նաև կյանքում:
(?)Գիրք:
(!)Ցավոք, հիմա սկսել եմ քիչ կարդալ: Երկու ամիսը մեկ գիրք եմ կարդում, ուղղակի ժամանակս է քչություն անում:

(?)Սիրած շախմատիստ:
(!)Կապաբլանկայի խաղն եմ սիրում, Ալյոխինի, Կասպարովի: Այսօր չեմ կարող առանձնացնել մեկին ու դասել թվարկածս շախմատիստների դասին:
(?)Ֆիլմ:
(!)Սա ևս անբաժանելի մաս է իմ կյանքում, սիրում եմ բարդ ֆիլմեր: Մրցաշարերի ժամանակ օրն ամենաքիչը երկու ֆիլմ նայում եմ: Իսկ երբ տանն եմ, երեկոյան գրեթե միշտ կնոջս հետ ենք նման դիտումներ կազմակերպում:






