AM
1 August 2005 - 05:26 AMT

ԵՎՐԱԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԴԱՐՁԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Բուլղարիայի եւ Հայաստանի եվրոպական եւ եվրաատլանտյան կողմնորոշումը դարձել է երկկողմ հարաբերությունների կարեւոր սկզբունքներից մեկը: Այդ մասին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բուլղարիայի ղեկավար Գեորգի Պռվանովը: Քոչարյանն ու Պռվանովը գոհունակություն են հայտնել վերջին տարիներին երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության զարգացման առնչությամբ: Հանդիպման ընթացքում երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել առեւտրի եւ տնտեսական հարաբերությունների` այն ոլորտների, որոնք դեռեւս բավարար մակարդակի վրա չեն քաղաքական համագործակցության համեմատ, զարգացման ակտիվացման հնարավորությունների մասին: Տնտեսական հարաբերությունների ոչ բավարար զարգացման պատճառներից մեկը նախագահները համարել են օդային հաղորդակցության անբավարար մակարդակը Հայաստանի եւ Բուլղարիայի մայրաքաղաքների միջեւ: Նրանք պատրաստակամություն են հայտնել նպաստելու երկրների գործադիր իշխանություններին այդ խնդրի լուծման հարցում: Ռոբերտ Քոչարյանը եւ Գերոգի Պռվանովը քննարկել են նաեւ հայ-բուլղարական մշակութային, կրթական եւ գիտական հարաբերությունների զարգացման հարցերը: Բուլղարիայի նախագահը ընդգծել է մշակութային եւ տեղեկատվական կենտրոններ բացելու անհրաժեշտությունը Երեւանում եւ Սոֆիայում: Հիւշեցնենք, որ վերջերս Ռոբերտ Քոչարյանը Գեորգի Պռվանովի հրավերով այցելել էր Բուլղարիա հնգօրյա ոչ պաշտոնական այցով: