AM
1 Փետրվար 2013 - 08:30 AMT

Գագիկ Ծառուկյան. Ենգիբարյանը իրեն բնորոշ վարպետությամբ է ներկայացրել հայկական բռնցքամարտը

Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցել է Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի հարազատներին:

«Սրտի խոր ցավով տեղեկացա կաշվե ձեռնոցի անզուգական վարպետի մահվան մասին: Նրան համարում էին համաշխարհային բռնցքամարտի հեղափոխական, քանզի առաջինն էր, ով կոպիտ ուժին և բիրտ հարվածների փոխանակմանը հակադրեց նուրբ տեխնիկա և ռինգում տեղաշարժվելու յուրատեսակ ոճ: Նա միայն իրեն բնորոշ վարպետությամբ և խոսուն հաղթանակներով համաշխարհային մարզասերին է ներկայացրել բռնցքամարտի հայկական դպրոցը և տարածել նրա փառքը»,- ասել է ՀԱՕԿ-ի նախագահը:

Նա խոստովանել, որ այն հազարավոր պատանիներից մեկն է , ում բախտ է վիճակվել լինել նրա հիմնադրած ու ղեկավարած մարզադպրոցի սանը, հաճախ ունկնդրել նրա մասնագիտական դասերը և ականատեսը լինել նրա ցուցադրած տեխնիկատակտիկական տարրերին. «Անձամբ իմ և հայոց մարզաշխարհի մարդկանց անունից խորապես ցավակցում եմ Վլադիմիր Ենգիբարյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին»: