«Հոգու մեծ կսկիծով տեղեկացա իմ ավագ ընկեր, լեգենդար բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի մահվան մասին: Անդառնալի է նրա մահը հայկական մարզաշխարհի համար: Իր մեջ կրելով մարզիկին բնորոշ արդարամտությունը և օժտված լինելով մարդկային մեծ արժանիքնեով, նա հասել է մարզիկի համար բարձրագույն տիտղոսին՝ դառնալով օլիմպիական չեմպիոն»,- Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Ըստ նախարարի, հայ ազգը մշտապես երախտապարտ է լինելու նրան մարզական այդ մեծ նվաճման համար: Նա անկեղծորեն ցավակցել է Ենգիբարյանի ընտանիքի բոլոր անդամներին, հայտնել նրանց իր զորակցությունը և ցանկացել հոգու արիություն ու կամք՝ դիմակայելու կորստի անսահման ցավին:
Բռնցքամարտի Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը մահացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 82 տարեկան հասակում: Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ փետրվարի 3-ին ժամը 14:00-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա վաստակաշատ մարզիկի հոգեհանգստի արարողությունը:






